Ամանոր կամ Նոր տարի /Նավասարդ/,տոն, որը նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը: Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս Մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում:
Ամանորով նշում են տարվա սկիզբը: Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից: Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը: Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կմ:
Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ է սահմանել հռոմի կայսր Հուլիոս Կեսարը Մ.թ.ա. 46թ.-ին: Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին` ընտրության, դռների և բոլոր սկզբերի աստծուն: Հունվար ամիսը իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը` հետ: